Իրաքյան ընտրություններում Թեհրանը հաղթեց Վաշինգտոնին
17 ՆՈՅ 2025 06:28

Իրաքյան ընտրություններում Թեհրանը հաղթեց Վաշինգտոնին
17 ՆՈՅ 2025 06:28
Իրաքում կայացած խորհրդարանական վերջին ընտրություններում Իրանի հետ սերտ կապեր ունեցող քաղաքական և ռազմականացված ուժերի հաղթանակը լրջագույն մտահոգությունների տեղիք է տվել տարածաշրջանային դիտորդների շրջանում։ Փորձագետները համակարծիք են, որ քվեարկության արդյունքները ոչ միայն արտացոլում են ուժերի ներքին դասավորվածությունը, այլև ցցուն կերպով վկայում են Իրաքի քաղաքական համակարգում Իրանի ազդեցության խորը ներթափանցման մասին։ Այս զարգացումների հետևանքները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան թվում է առաջին հայացքից։
Ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանում զգալի ներկայություն են ստացել այն կառույցները, որոնք կազմում են «Հաշդ աշ-Շաաբի» շարժման ողնաշարը՝ միավորում, որը Միացյալ Նահանգների կողմից ճանաչված է որպես «ահաբեկչական»։ Մասնավորապես, «Ասաիբ Ահլի Հակկ» խմբավորումը ստացել է 27 մանդատ, «Իմամ Ալիի բրիգադը»՝ 8, «Իրաքյան Հեզբոլլահը»՝ 6, իսկ «Սայիդ աշ-Շուհադայի բրիգադը»՝ 4 տեղ։ Նրանց է միանում նաև Թեհրանի հետ սերտ կապեր ունեցող «Ռայան Քելդանին»՝ 2 մանդատով։ Հատկանշական է, որ նույն ուժերի կազմում գործող, սակայն Վաշինգտոնի կողմից ահաբեկչական չճանաչված «Բադր» կազմակերպությունը նույնպես զգալի հաջողության է հասել՝ ապահովելով 18 տեղ խորհրդարանում։
Իրանամետ ճամբարի քաղաքական կուսակցությունները ևս ամրապնդել են իրենց դիրքերը։ Նուրի ալ-Մալիքիի գլխավորած կուսակցությունը ստացել է 28 մանդատ, իսկ Ամմար Հաքիմի դաշինքը՝ 15։ Եթե այս ցանկին ավելացնենք նաև Իրանի հետ սերտորեն կապված «Քրդստանի հայրենասիրական միությունը», որը ղեկավարում է Թալաբանիի ընտանիքը, ինչպես նաև մի շարք ավելի փոքր խմբավորումներ, ակնհայտ է դառնում, որ Թեհրանի ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ գտնվող պատգամավորների թիվը գերազանցում է 153-ը։
Այս ֆոնին սուննիական խոշոր դաշինքները՝ «Թաքադդումը» (շուրջ 36 տեղ) և «Ազմ» կոալիցիան (մոտ 18 տեղ), չեն դիտարկվում որպես իրանական ազդեցությանը դիմակայելու ընդունակ ուժեր։ Իրավիճակի լրջությունը ընդգծում է խորհրդարանի նախկին խոսնակ Մուհամմեդ ալ-Հալբուսիի օրինակը։ Նա իր պաշտոնից հեռացվեց հենց Թեհրանին դիմադրություն ցույց տալու համար և քաղաքականություն վերադառնալու հնարավորություն ստացավ միայն հակաիրանական գծից ամբողջությամբ հրաժարվելու պայմանով։ Սա վկայում է այն մասին, որ Իրաքի քաղաքական դաշտում Իրանի ազդեցությունը դարձել է որոշիչ գործոն։
Այս զարգացումները աննկատ չեն մնացել Միացյալ Նահանգների աչքից։ Որոշ փորձագետներ վերջին օրերին Թրամփի հակաիրանական հռետորաբանության խստացումը մասամբ նաև այս զարգացումների հետ են կապում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար